Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:

Ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար:

Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների:

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ