Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության «հավանության» մակարդակը նվազում է արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ վառելիքային ճգնաժամի ֆոնին, որն իր մասշտաբներով մոտենում է Խորհրդային միության վերջին տարիների ապրանքների դեֆիցիտին, գրում է The Moscow Times-ը։

Հուլիսի 12-ի դրությամբ Պուտինի «հավանության» վարկանիշն իջել է մինչև 65,1 տոկոս՝ հասնելով պատերազմի ամբողջ ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշին, հայտնել է Հանրային կարծիքի ուսումնասիրման պետական համառուսական կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում Պուտինը կորցրել է հավանության 0,9 կետ, իսկ վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ 5,3 կետ։

Վարկանիշի անկման տեմպերը գերազանցել են 2022 թվականի աշնան անկման տեմպը, երբ Կրեմլը հայտարարեց մոբիլիզացիա, և 2024 թվականի օգոստոսինը, երբ Ուկրաինայի զինված ուժերը մտան Կուրսկի մարզ. առաջին դեպքում հետընթացը կազմել է 3,3 կետ չորս շաբաթում, երկրորդում՝ 5,1 կետ։

Պուտինի գործունեությունը «չհավանողների» բաժինը, ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալների, հասել է 23,4 տոկոսի և գրեթե հավասարվել է նրանց բաժնին, ովքեր «չեն հավանում» կառավարության աշխատանքը (24,4 տոկոս)։ Ընդ որում՝ Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինին չհավանելու մակարդակով գերազանցում է ավելի քան մեկուկես անգամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ