![]()
Հայաստանից ծիրանի արտահանման նոր ուղղություն է ձևավորվում․ այս պահին շուրջ 50 ավտոմեքենա՝ ծիրանով բեռնված, սպասում է նոր երկիր արտահանվելու։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որը նոր երկիր է արտահանվելու։ Ամեն օր ծավալը մեծանում է»,– ասել է նա։
ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ եթե հայկական արտադրանքը նոր շուկաներում պահանջարկ ունենա, սակայն արտահանման լոգիստիկ ծախսերը բարձր լինեն, հնարավոր է՝ պետությունը քննարկի նաև արտահանման աջակցության մեխանիզմներ։
Պետրոսյանը նաև անդրադարձել է Եվրոպական միություն ձկնամթերքի և այլ ապրանքների արտահանման գործընթացին՝ նշելով, որ ԵՄ շուկա մուտք գործելու համար տարիներ շարունակ իրականացվել են մոնիտորինգի ծրագրեր։
Նրա խոսքով՝ Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ հայկական կողմը համապատասխանել է ԵՄ պահանջներին։
Տարիներ շարունակ Եվրոպական Միության երկրներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիտորինգ էր իրականացվում ձուկ, ձկնամթերք, մեղր արտահանվելու համար:
«Եվրոպական Միության երկրներ ապրանքը ներմուծելու համար իրենք ուզում են 5 տարի և ավելի մոնիտորինգ, 5 տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից Կառավարության որոշմամբ իրականացվում էր մոնիտորինգային ծրագիր: Ամեն տարի տեսչական մարմինը հաշվետվության տեսքով ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները, երբ իրենք տեսնում էին, որ շեղումներ չկան ու համապատասխանում է իրենց պահանջներին, ուսումնասիրում էին: Դրանից հետո անցյալ տարի որոշում եղավ, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել Եվրոպական Միության երկրներ»,- նշել է Պետրոսյանը:
![]()