![]()
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:
Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Շուրջ 2 տարի առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել մանկապարտեզի ննջասենյակից․ կադրերում դաժան տեսարան էր։ Միջին տարիքի մի կին ֆիզիկական բռնության էր ենթարկում երեխային։ Նա ձեռքով հարվածներ էր հասցնում երեխայի մարմնի տարբեր հատվածներին, բղավում նրա վրա, սպառնում։
«Արդեն դու զզվցրեցիր»,- ուժգին հարվածներ հասցնելով՝ բղավում էր մանկապարտեզի «դաստիարակը»։ Երեխան ցավից ճչում էր․ «Ախ, մեռա»։ Սենյակում գտնվող մյուս երեխաները սարսափահար հետևում էին ծեծին։
Ըստ ամենայնի՝ երեխան բռնության էր ենթարկվում չքնելու պատճառով, քանի որ գտնվում էր մահճակալի վրա։
![]()