Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։

Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։

Այս ինը կազմակերպությունից երեքը իրացման վերաբերյալ չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության ներկայացրած հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Ձեռք բերված փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ի հիմնադրած և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։

Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ հաղորդվում է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս բացահայտումը կապված է ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ