Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ։

Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք հաստատել, որ երեկ երեկոյան Չեկվատի գյուղում՝ Կապչորվա շրջանում, տեղի ունեցած մահացու ճանապարհատրանսպորտային պատահարից հետո այս պահին հաստատվել է 21 մարդու մահ, այդ թվում՝ 20 դպրոցականի և մեկ մեծահասակի»,- հայտնել է Ուգանդայի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Կանանուրան։
Հաղորդվում է նաև, որ վթարի հետևանքով տուժել են մի քանի երեխաներ և երեք մեծահասակներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից տանում էր Սիպի ջրվեժներ՝ էքսկուրսիայի։

Նախնական տվյալներով՝ վերադարձի ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրին գտնվող մեծ ժայռի և շրջվել։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում վթարի հանգամանքները պարզելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ