Տարածաշրջանում առաջին ու ամենամեծ ԱԲ սուպերհամակարգիչը՝ Հայաստանում. Կառավարությունը մոտ 958 մլն դրամ է հատկացրել

Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք՝ ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրի շրջանակում առաջակվում է ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված, առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։ 2026 թ. ապրիլի 17-ին կնքվել է պայմանագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև։ «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ը արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն 1, որը տրամադրում է մեծածավալ GPU հաշվողական ռեսուրսներ, որոնք նախատեսված են արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման և գործարկման, գիտական հետազոտությունների համար։ Համակարգերը կառուցված են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ պահանջող «պահանջկոտ» առաջադրանքներին աջակցելու համար:

Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 2026 թ. գործարկել կովկասյան տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը՝ աշխատող NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։ Ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում և իրականացվելու է բացառապես Ընկերության կողմից` վերջինիս` միջազգային գործընկերների (այդ թվում` ԷնՎԻԴԻԱ ամերիկյան ընկերության) հետ ունեցած ռազմավարական գործընկերային հարաբերությունների շնորհիվ։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է իրականացնել վերաբաշխում և 957,876,440 դրամ հատկացնել «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների (գրաֆիկական պրոցեսորների) հզորության ձեռքբերում» միջոցառմանը:

Միջոցառման նպատակն է հզորացնել ՀՀ-ի տեխնիկական հնարավորությունները և զինել այն 21-րդ դարի լուրջ ենթակառուցվածքներով։ ՀՀ-ում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին, անհատ մասնագետներին, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ