ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական Միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ, վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«2026 թվականին Եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու պահանջներ են պետք: Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել, այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը: Նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին դեպի եվրոպական շուկա, և պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ»,- նշեց նա:

Ըստ նախարարի՝ Եվրոպական Միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման են ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների, կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների, Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաև ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։

«Համաձայն Եվրոպական Միության օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացնի տվյալ երկրի լիազոր մարմինը, մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք ՍԱՏՄ-ն։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ»,- ասաց Պապոյանը:

Վերջինս ընդգծեց՝ ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն և սպասում է իրենց որոշմանը. «Այսինքն՝ այն ստանդարտները, որոնք բարձր դրված են և համապատասխանում են Եվրոպական Միության պահանջներին, այս պահին արդեն 5 կազմակերպություն դրել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ