![]()
ՀՀ կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։
Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246,9 մլն դրամ։ Արդյունքում, ըստ Կառավարության, առաջացել է 65,2 մլն դրամի տարբերություն, որը Կառավարությունն առաջարկում է լրացնել բյուջետային վերաբաշխման միջոցով։
Սուբսիդիայի տրամադրումը, ըստ գործադիրի, նախատեսված է Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Դրանով սահմանված է, որ պետությունը մասնակի փոխհատուցում է ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասները, իսկ 2016 թվականից այդ փոխհատուցումը կազմում է հաստատված վնասների 30 տոկոսը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պետական պարտավորությունները՝ առանց պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի լրացուցիչ ավելացման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 65 միլիոն 222 հազար դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։
![]()