![]()
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հուլիսի 15-ին մեկնարկել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն» թեմայով եռօրյա աշխատաժողովը։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ աշխատաժողովն անցկացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցությամբ և նպատակ ունի ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ամխատակազմի, ինչպես նաև ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունները, խթանել փորձի փոխանակումը և նպաստել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացմանը։
«Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը, գենդերային հավասարության ապահովումը, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ռազմավարական առաջնահերթություններից են։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության կանխարգելումն ու դրա նկատմամբ արդյունավետ արձագանքը պահանջում են ոչ միայն իրավական կարգավորումների առկայություն, այլև տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների շարունակական վերապատրաստում, միջգերատեսչական համագործակցություն և իրավունքահեն մոտեցումների հետևողական կիրառում:
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, գենդերային հավասարության ապահովման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն։ Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի դրական զարգացումներին՝ այս ոլորտներում շարունակում են պահպանվել մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք։
Հատկապես կարևոր է ոլորտի մասնագետների գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը։ Այս համատեքստում կարևորում եմ ոչ միայն Երևանում, այլև մարզերում աշխատող մասնագետների մասնագիտական ներուժի ամրապնդումը, քանի որ բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են հենց առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը բարձր է գնահատել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների տարածման, լավագույն փորձի փոխանակման և ազգային կարողությունների զարգացման գործում։
IRZ- Հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմի ներկայացուցիչներին՝ կարևորելով երկու կառույցների միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցությունը և ընդգծելով նման վերապատրաստումների նշանակությունը ոլորտային կարողությունների ամրապնդման գործում։
Աշխատաժողովի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է թեմատիկ զեկույց՝ անդրադառնալով ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, երեխաների իրավունքների ապահովման և իրավազգայուն մոտեցումների կարևորությանը։
Աշխատաժողովի շրջանակում գերմանացի փորձագետները ներկայացրել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության դեպքերում արդյունավետ արձագանքման միջազգային փորձն ու գործնական մոտեցումները։
Քննարկումները ներառել են նաև ինտերակտիվ աշխատանքներ, փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ՝ ուղղված ոլորտում առկա մարտահրավերների բացահայտմանը և դրանց հաղթահարման արդյունավետ լուծումների մշակմանը։
Միջոցառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։
Աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն ևս երկու օր։
Հուլիսի 16-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի վերապատրաստման դասընթաց՝ բնակչության հետ անմիջական շփում ունեցող առողջապահության ոլորտի մասնագետների, իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հուլիսի 17-ին Երևանում տեղի կունենա աշխատաժողովի ամփոփիչ միջոցառումը, որին կմասնակցեն իրավասու պետական մարմինների՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող ցերեկային և շուրջօրյա հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
![]()