![]()
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան զբոսաշրջային համագործակցության զարգացման և երկկողմ զբոսաշրջային հոսքերի խթանման հնարավորությունները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանից և Հունաստանից զբոսաշրջային հոսքերի հավասարակշռման, երկու երկրների տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ։
Լիսանդրոս Ցիլիդիսը ողջունել է հայկական կողմի նախաձեռնողականությունը և առաջարկել նախ ձևավորել համագործակցության ինստիտուցիոնալ հիմք՝ համապատասխան մասնագիտական կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով, կազմակերպել առցանց B2B հանդիպումներ և դիտարկել Հայաստանի հետագա մասնակցությունը Սալոնիկում անցկացվող «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որին Հայաստանը մասնակցում է։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ երկկողմ զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։
![]()