![]()
Հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների միջադեպով մեկ անձի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են.
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից):
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»:
Հուլիսի 12-ին կրակոցներ էին հնչել Վաղարշյան փողոցում, 2 հոգի վիրավորվել էր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված 4 պարկուճ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա էր եղել կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել էր նաև կացնի պոչ, որի վրա նույնպես եղել էին արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա էին եղել արնանման հետքեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
![]()