«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Դատախազը դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը։

«Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի արդյունքում Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ