![]()
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը:
«Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև, անշուշտ, այդպես է։ Ինքնիշխան, անկախ պետություն՝ հնագույն արմատներով, հնագույն ու հիասքանչ մշակույթով, բայց այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ»,- ասել է Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են խաղաղությունը, միջպետական հարաբերությունները և այդ հարաբերությունների զարգացման ռազմավարական ծրագրերը։
«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն և աջակցություն, որոնք, իմ կարծիքով, պայմանավորված էին ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչներով, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրանով, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սեր, փոխթափանցում։ Ահա, թե որոնք են այն իրական կապերը, որոնք ոչ թե կաշկանդող կապանքներ են, այլ հենց հարազատության թելեր»,- ընդգծել է Զախարովան:
![]()