![]()
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը։ Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Հայաստանում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նոր կարգավորումը վերաբերում է այն սարքերին, որոնց միջոցով իրականացվում են օրենսդրական չափագիտության ոլորտում չափումներ, և նպատակ ունի ապահովել դրանց ճշգրտության ու հուսալիության վերահսկումը։
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման 1. Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։ ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտություն։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Էկոնոմիկայի նախարարությունը չափումների միասնականության ապահովման ոլորտում հանդիսանում է լիազոր մարմին, որի լիազորություններն ամրագրված են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածով, որի 2-րդ մասի 5-րդ կետով նախարարությանը վերապահված է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող չափման միջոցները հանդիսանում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցները, և հետևաբար, Էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է սահմանվի օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական չափագիտության ոլորտում իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ։ Օրենքի նախկին խմբագրությամբ չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը որոշվում էր չափման միջոցի տեսակի հաստատման ընթացքում և քանի որ չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացվում էր Չափագիտության ազգային մարմնի կողմից, ստուգաչափման պարբերականությունը նույնպես սահմանվում էր վերջինիս կողմից։ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում չափման միջոցների ստուգաչափման պարբերականություն սահմանելու լիազորությունը վերապահվել է չափագիտության լիազոր մարմնին (Էկոնոմիկայի նախարարությանը)՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակը օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականության սահմանումն է՝ հաշվի առնելով չափման միջոցների կիրառման առանձնահատկությունները, չափումների ճշգրտության նկատմամբ պահանջները, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը։ Կարգավորումը կրում է հստակեցնող և արդիականացնող բնույթ և ուղղված է գործող իրավական դաշտի համապատասխանեցմանը ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չափագիտության ազգային մարմնի կողմից։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավական ակտերի համապատասխանեցումը Օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև կսահմանվի կարգավորման ենթակա օրենսդրական չափագիտության տարածման բոլոր ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը:
Ֆինանսական ազդեցությունը.
Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ։ Ծրագրի 2.6-րդ գլխով որպես առաջնահերթություն սահմանվել է որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացումը, որի ապահովման նպատակով իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:
![]()