![]()
ՀՀ–ում ամենաշոգ Վարդավառը եղել է 2011 թվականին` գրանցվել է +43.7 աստիճան տաքություն։ Այս մասին «Ֆեյսբուքի»-ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նշենք, որ այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Նույն օրը ՀՀ ողջ տարածքում նշվում է նաև հեթանոսական Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում:
«Վերջին 19 տարվա ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշվել է 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։ Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C։ Իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։ Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,– գրել է Ազիզյանը։
Հիշեցնենք, որ Վարդավառը իր ծագմամբ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Ասվում է, թե հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները` շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։
![]()