![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։
Սոֆյա Հովսեփյանի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։
Այս մասին տեղեկատվությունն առկա է Datalex-ում։
Հայցի պահանջն ամբողջությամբ՝ ստորև․
«1/ Պատասխանող Սոֆիա Ազատի Հովսեփյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանից https://www.hraparak.am լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով.
Բովանդակությունը՝ «Ներողություն՝ 09․06․2026թ․ hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Սոֆիա Ազատի Հովսեփյանս, https://www.hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում հրապակված՝ «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանին «տականք» անվանելու համար նրանից խնդրում եմ ներողություն»։
Կարգը՝ Ներողության տեքստը հրապարակել https://www.hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։ Ներողության տեքստն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն Հրապարակմանը, որին վերաբերում է: Ներողության տեքստը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես Ներողության տեքստը։
Ներողության տեքստը նշված լրատվամիջոցով ու նրա ֆեյսբուքյան էջով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։
2/ Պատասխանող Սոֆիա Ազատի Հովսեփյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավորեցնել https://www.hraparak.am լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով՝«Հերքում՝ 09․06․2026թ․ hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ «2026 թվականի հունիսի 9-ին https://www.hraparak.am լրատվական կայքի և hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով իմ՝ Սոֆիա Ազատի Հովսեփյանիս կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են զրպարտչական հետևյալ տեղեկությունները․
● «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում»,
● «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի»,
● «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։
Կարգը՝ Հերքումն իրականացնել https://www.hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։
Հերքումը նշված լրատվամիջոցով ու նրա ֆեյսբուքյան էջով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ առնվազն 5000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։
3/ Վիրավորանք պատճառելու համար հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի Պատասխանող Սոֆիա Ազատի Հովսեփյանից բռնագանձել 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։ 4/ Զրպարտության համար հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի Պատասխանող Սոֆիա Ազատի Հովսեփյանից բռնագանձել 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում»։
Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։
Հայցի պահանջը Datalex-ում ամբողջական լրացված չէ։
![]()