Ֆրանսիայում ծայրահեղ շոգի ժամանակաշրջանում ավելի քան 130 մարդ է խեղդվել

Ֆրանսիայում ծայրահեղ շոգի երեք շաբաթվա ընթացքում 131 մարդ է խեղդվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Մարինա Ֆերարին։

«Հունիսի 19-ից ի վեր խեղդվել է 131 մարդ»,- նշել է նա՝ հավելելով, որ զոհվածների հիմնական մասը մինչև 18 տարեկան անչափահասներն են, ինչպես նաև 60 տարեկանից բարձր անձինք։

Զոհերի ավելի քան կեսը՝ 55%-ը, մահացել է այնպիսի վայրերում լողալիս, որտեղ դա արգելված էր։ Խեղդվածների ևս 20%-ը գտնվել է մասնավոր լողավազաններում։

Հունիսի կեսերից սկսած Ֆրանսիայի տարածքում հաստատվել է անոմալ շոգ եղանակ, գրանցվել են մի շարք ջերմաստիճանային ռեկորդներ։ Թեև այս պահին ջերմաչափի սանդղակն իջել է 30 աստիճանից ցածր, հարավային վեց դեպարտամենտներում գործում է անտառային հրդեհների բարձրացված վտանգի մակարդակ, իսկ երեք այլ դեպարտամենտներում այդ սպառնալիքը գնահատվում է բարձր։ Որոշ դեպարտամենտներում տեղական իշխանություններն արդեն իսկ արձանագրում են հրդեհների օջախներ, որոնց մարման համար ներգրավվում են հրշեջ ավիացիան և ուղղաթիռները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ