Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։

Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ