![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ունեն միանման պատկերացում, թե ինչպես պետք է խաղաղությունը զարգանա Հարավային Կովկասում: Նրա կարծիքով՝ Հայաստանը և Ադրբեջանը շահում են այս համադրությունից:
«Սա մի չքնաղ հնարավորություն է՝ խաղաղությունը դարձնելու երկարատև: Մենք հնարավորություն ենք ստանում ավելի մեծ շուկաներ մուտք գործելու»,- ասում է նա:
Բլեյանը կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունը չի կարող խանգարել Խաղաղության համաձայնագրի ամբողջական ստորագրմանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի կիրառած տնտեսական սահմանափակումներին, Բլեյանը նկատում է. «Չեք պատկերացնի՝ որքան ուրախացա, երբ Ռուսաստանը սկսեց կիրառել սանկցիաներ մեր նկատմամբ. սա կնպաստի, որ գնանք դիվերսիֆիկացիայի: Որքան հնարավոր է, թող երկար պահեն սահմանափակումները»:
Վերջինս միաժամանակ ընդգծում է. «Մինչ այս ասում էին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը արմագեդոնային հետևանքներ է բերելու, ոչ մի դեպքում չի կարելի: Տնտեսությունը ՌԴ-ի համար միայն քաղաքական լծակ է: Մենք պետք է նաև վերանայենք ՌԴ-ի հետ գազի պայմանագիրը: ՌԴ-ն մեզ պատկերացնում է որպես գաղութ ու վասալ, մեզ հետ այդպես է խոսում: Իրենք չեն ճանաչում հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի ներքաղաքական հարցերին, «Հանուն Հանրապետության» արտաքին գործերի քարտուղարն ասում է. «Բոլորս գիտենք՝ Սամվել Կարապետյանն ինչպես է հարստացել: Նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ»:
Զրուցակիցը կարծում է, որ նրանք կվերցնեն մանդատները. «Իրենք կապ չունեն ՀՀ-ի հետ: Սպասարկում են այլ երկրի շահեր, նաև ընտրակեղծարար են, չպետք է մնան քաղաքականության մեջ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()