Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ. Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև հրապարակել է իր՝ ապօրինի եղանակով ձեռք բերած հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։

Է. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ. Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է. Մ.-ն և Ռ. Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք՝ հիշյալ Է. Մ.-ն Էդիկ Մալոյանն է, Ռ. Ջ.-ն՝ Ռոմեն Ջավադյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր գնդապետ Էդիկ Մալոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ