Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել հարցերի։

Հարց է հնչել այն մասին, թե Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման գործընթացն անցել է արդեն տեխնիկական փուլ, ինչպիսին է գրանցված առաջընթացը, և ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի և սկսի գործել առանց վիզային ռեժիմի։

«Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական Միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք գործողությունների ծրագրի առաջընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը, և գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։

Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը և մնացած հենանիշների ուղղությամբ պրոցեսը գնահատելու համար։ Թարգմանելով պարզ լեզվի՝ սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, և եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը»,- ասել է ԵՀ հանձնակատարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շարունակել է, որ նախընտրական շրջանում հայտարարել է՝ կա խնդիր 2 տարվա ընթացքում՝ 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն:

«Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված, և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական Միությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։

ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ