![]()
«Կան մի շարք նախագծեր, որոնք, ըստ ներկայացված տվյալների, շրջանառության են դրվել ընդամենը մի քանի օր առաջ: Կարգավորումների համաձայն՝ այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ»:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին:
Նա նշել է, որ խոսքը ԱԺ օրակարգում ներառված Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի մասին է:
ՆԳ նախարարը պատասխանել է, թե վստահություն է հայտնում, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի է ունեցել պատգամավորների ներգրավմամբ:
«Մենք հասցրել ենք նաև գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե՛ միջազգային փորձին, թե՛ սահմանադրականությանը վերաբերող հարցերին և մնացյալ իրավիճակներին: Ես վստահ եմ, որ նախագծի օրակարգի շրջանակում կոնկրետ հարցի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին, և վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախագծի հեղինակների կողմից, և եթե կարիքը լինի, նաև ես՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, կարձագանքեմ»,- նշել է նա։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախագիծը բավական երկար ժամանակ է, ինչ հանրային տիրույթում քննարկվում է։
«Վստահ եմ՝ բոլոր խմբակցությունները և առաջադրված ուժերը լսած կլինեն առնվազն մեկ քննարկում, որի շրջանակում հանրային պահանջ կար այս հարցին անդրադառնալու և լուծման բերելու այս խնդիրը։ Քարոզարշավի ավարտից հետո, երբ ընտրությունները ևս կայացել են, պատգամավորները հանձնառու են եղել հանրային պահանջը իրացնելու, որը վստահորեն գեներացված է եղել, և ըստ այդմ՝ ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը դրված է քննարկման:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով առանձին ուղարկել-չուղարկելուն, վստահ եմ, որ գործընկերները դիտարկել են նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և սահմանադրական իրավունքի տեսանկյունից առկա մոտեցումները»,- հավելել է ՆԳ նախարարը։
![]()