Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

Հուլիսի 2-ի գիշերը Կիևի վրա ռուսական ուժերի կողմից նախաձեռնվել և իրականացվել է զանգվածային խոշոր հարձակում, որի ժամանակ ռուսական զորքերը վնասել են այն շենքը, որտեղ տեղակայված է շտապօգնության ենթակայաններից մեկը։ Հարվածի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցները։

Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են շտապօգնության ենթակայանի բուժաշխատողներ և վարորդներ։

«Տուժած պարամեդիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել է Կլիչկոն։

Ռուսաստանը համակցված հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Կիևի տարբեր շրջաններում արձանագրվել են ավերածություններ և տուժածներ։

Հարվածի հետևանքով այս պահի տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 86-ը վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շուկա և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

Հուլիսի 3-ին Կիևում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Ռուսաստանի կողմից մայրաքաղաքի նկատմամբ իրականացված ամենազանգվածային հարձակման զոհերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ