![]()
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն՝ աշխատանքի, սակայն վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնասը։
Նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նշենք՝ հիշյալ ժամանակահատվածում՝ 2001-2020 թվականներին, ԲԿ-ի տնօրենն է եղել Նիկոլայ Դալլաքյանը:
![]()