![]()
Քաղաքական-հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Ռուսաստանի նման պետության համար անընդունելի է: Ըստ նրա՝ Կրեմլը չի հանդուրժում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի:
Զրուցակցի նկատառմամբ՝ ՌԴ-ին հարկավոր էր, որ Հայաստանը Ղարաբաղում պարտվի, որպեսզի մեր երկիրը կախման մեջ պահի:
Միսկարյանը շեշտում է՝ ՀՀ-ի վերջին ընտրությունների արդյունքների հետ ևս ՌԴ-ում հաշտ չեն:
«Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված ՌԴ-ի ագրեսիվ վարքագիծը, նրա գոյությունը սպառնալիք է ՌԴ-ի կայսերական նկրտումներին: Հայաստանի զարգացմամբ Ռուսաստանը կարող է ներսից պայթել»,- ասում է նա:
Միաժամանակ քաղաքական-հասարակական գործիչը նկատում է. «ՌԴ-ի մոտ ցնցումներ են առաջանում, երբ ՀՀ իշխանությունները մաքրում են ռուսական ուժերին, նրանք ՌԴ-ի համար ամենաէժան ու հարմար ճանապարհն են ՀՀ-ում իշխանություն հաստատելու»:
Գարեգին Միսկարյանի խոսքով՝ միֆը ջարդվում է, թե մենք տեղ չունենք Եվրոպայում. «Ծիրանի մեծ խմբաքանակ է արտահանվել Լեհաստան: Եթե կա ինչ-որ միջատ, որ կարող է վնասել ռուս ազգաբնակչությանը, շատ լավ, մենք էլ մեր ապրանքը կարտահանենք Լեհաստան»:
Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանը լավ է հասկանում, որ Հայաստանի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ազատելու է ՀՀ-ի թևերը, և զսպօղակը այլևս չի լինելու:
Ինչ վերաբերում է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու ընդդիմության ներկայացրած դիմումներին, նա ընդգծում է. «Վերջին 25 տարվա մեջ ամենաարդար ընտրությունն էր, չէր եղել, որ ոստիկանությունը պայքարի կաշառքի դեմ: ՍԴ-ն հիմք չունի ընտրությունները ընդունել ոչ լեգիտիմ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()