![]()
Գյումրու ավագանու հունիսի 25-ի նիստը չկայացավ՝ քվորում չեղավ։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացակա էր ամբողջ կազմով, բացակա էին նաև «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ում բնակարանում հունիսի 25-ի առավոտյան խուզարկություններ էին իրականացվել և ևս մեկը՝ Արտակ Հովսեփյանը «Իմ քաղաքը» խմբակցությունից։ Նա տնային կալանքում է և վայր է դրել մանդատը։ Վերջինիս փոխարեն մանդատը վերցնելու է խմբակցության մեկ այլ անդամ։
Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող և նիստը նախագահող Ավետիս Առաքելյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրավիճակը սպասելի էր։ Ըստ Առաքելյանի, Գյումրիում երբևէ կառավարման ճգնաժամ չի եղել, այն արհեստականորեն, ըստ իրեն, ստեղծում է կենտրոնական իշխանությունը։
«Օրեր, ամիսներ շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ճգնաժամ գոյություն ունի այլ համայնքներում, որտեղ ղեկավարում են իրենց սրտի քաղաքապետերը։ Օրինակ՝ կարող եմ նշել Կիրավականում, որտեղ չենք հիշում՝ որ թվականից, որ ժամանակահատվածից ավագանու նիստ չի կայանում։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անհարկի կալանավորումից հետո բնականոն հունով ընթանում են ավագանու նիստերը»,- ասաց Առաքելյանը։
Ըստ նրա, կենտրոնական իշխանությունը նկատակուղղված փորձում է խաթարել Գյումրու քաղաքապետարանի, ավագանու աշխատանքները։
«Սրանից հետո, իմ գյումրեցիներ, դուք ձեր մեջ պետք է տարազանեք, թե որտեղ է թաքնվում այն միտքը, թե ինչից է բխում ճգնաժամը։
ճգնաժամն արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան և փաստ է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հերթական անգամ տապալեց ավագանու նիստը, որտեղ քննարկվելու էին կարևոր հարցեր։ Ոչ մի գրություն, ոչ մի հաղորդագրություն չենք ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, թե ինչն է պատճառը, որ մի ամբողջ մի խմբակցություն նիստին ներկա չի գտնվում»,- ասաց նա։
Առաքելյանը գյումրեցիներին նաև հորդորեց թույլ չտալ որևէ մեկին Գյումրիին գյուղ միացնել։
«Գյումրեցիներ, սա կոնկրետ ձեզ է վերաբերում, դուք քաղաքաբնակ ժողովուրդ եք և թույլ չտաք, որ ձեր քաղաքին գյուղ կպցնեն, սա ձեր պատվի հարցն է, դուք ՀՀ երկրորդ քաղաքն եք, էդ ստատուսը դուք պետք է պահեք»,- ասաց Առաքելյանը։
«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ևս լրագրողների հետ զրույցում ասաց՝ սպասելի էր տեղի ունեցածը։
«Բոլոր սցենարները մենք դիտարկում ենք, որովհետև իշխանությունը ապացուցում է, որ իր համար կարևոր և թանկ է Գյումրու քաղաքապետի աթոռի արժեքը, շատ կարևոր է, որ իրենք նստեն այդ աթոռին։ Փորձեցին քաղաքի բոլոր երիտասարդներին ձերբակալել, Ղուկասյանների գերդաստանից պրծել են, անցել են Գրիգորյանների գերդաստանին։
Հնարավոր է, որ վաղն էլ արտահերթ նիստ լինի, որովհետև շատ կարևոր հարցեր կան ներգրավված։ Ուղղակի մեկ քաղաքական ուժի կապրիզի արդյունքում մենք թույլ չենք տալու, որ Գյումրիում կյանքը ուղղակի կանգ առնի»,- ասաց Լիզա Գասպարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ իր համար հասկանալի չէ, թե ինչու է նիստը չկայանալը կապվում իրենց խմբակցության բացակայության հետ։ Ըստ Հարությունյանի, 4 ուժ Գյումրիում միավորվել են, քաղաքի ղեկավարում են իրականացնում, ունեն մեծամասնություն և կարող են նիստեր գումարել։
«Ինչու են մեզնից ակնկալում, որ պետք է իրենց համար մենք քվորում ապահովենք»,- ասաց Հարությունյանը։
Նիստին չմասնակցելու պատճառներից մեկը, ըստ Հարությունյանի, կապված է ՔՊ-ի կողմից սուբվենցիոն ծրագրային առաջարկները նիստի օրակարգում չընդգրկելու հետ։
«Դրանք ամենատարբեր պատճառներով մերժվել են։ Սա առաջին դեպքը չէ, և մեր բոլոր առաջարկները մեծամասամբ մերժվում են և կյանքի չեն կոչվում, ավելին, երբ քաղաքացիները մեզ դիմումներ են գրում և մենք հասցեագրում ենք համայնքապետարանի այս կամ այն բաժնին ու պաշտոնյային, չեն անում։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները մեր անունից են մոտեցել տաբեր բաժիններ, կրկին արժանացել են վատ վերաբերմունքի, և նման արատավոր մթնոլորտում համագործակցության, կառուցողական աշխատանքի մասին խոսք լինել չի կարող։
Իրենց թիմակիցներից շատերը մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ և ես համարում եմ, որ իրենք մեր երկրի ինքնիշխանությունը վաճառելու փորձ արած մարդիկ են, ուստի ոչ մի խոսք լինել չի կարող միասին աշխատելու մասին»,- ասաց Հարությունյանը։
Արդյոք ՔՊ-ն չի ներկայանա նաև հաջորդ նիստերին։ Հարությունյանն ասաց՝ այս պահին հետագա գործողությունների մասին ոչին չի կարող ասել։ Հստակ է միայն այն, որ ՔՊ-ի հասցեին հնչող մեղադրանքը, թե նիստերին չեն գալիս, որ ծրագրերը չիրականացվեն, իրականության հետ, ըստ Հարությունյանի, ոչ մի աղերս չունեն, քան որ այսօր բացառապես Կառավարության միջոցներով մեծածավալ շինարարություն է իրականացվում։
Քաղաքական դաշտում այլ շահեր սպասարկողներ կան, ովքեր ՀՀ քաղաքացիներին կաշառք են տալիս, հետո նրանց անվանում «շուն-շանգյալ», կան դերակատարներ, ովքեր գյուղը քաղաքից չեն տարբերում, մարդիկ էլ կան, որ արհամարհական վերաբերմունք ունեն գյուղի նակտմամբ, թիրախավորում են գյուղացուն։ Նրանց թիմակիցներից նաև ավագանում կազմում կան ներկայացուցիչներ։ Ինչպես է ՔՊ-ն շարունակելու համատեղ աշխատանքը։
Դիտարկմանը Հարությունյանն ասաց՝ առաջին անգամը չէ, որ ընդդիմության ներկայացուցիչները պիտակավորում են ՀՀ քաղաքացուն ամենավատ բառամթերքով և այս խոսույթը շարունակական բնույթ է կրում։
«Եվ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին իր պատասխանը տվեց ընտրությունների միջոցով Գյումրիում առավելևս։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք մոտ 51 տոկոս ձայն ենք ստացել և եթե այդ ուժերը, ինչպես իրենք են նշում, այդքան սիրված և սպասված էին գյումրեցիների կողմից, ապա ինչն էր պատճառը, որ չկարողացան բավարար չափով ձայներ հավաքել»,- ասաց Հարությունյանը։
Նրանք, ըստ խմբակցության քարտուղարի, պետք է վերլուծեն, հասկանան, թե ինչի պատճառով են մեկ տարում իրենց ձայները կրկնակի անգամ պակասել։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ գյումրեցիները իրենց գործարքից են դժգոհ, և դժգոհ են այս մեկ տարվա ընթացքում իրենց կատարած, կամ ավելի ճիշտ չկատարած աշխատանքից։
Կլինե՞ն ՔՊ խմբակցությունում վերադասավորումներ։ Հարությունյանն ասաց՝ եթե լինեն էլ, իրենք քաղաքական գիծը չի փոխվի։
«Խմբակցությունը կոլեգիալ մարմին է, շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատում է հիմա։ Մեր նպատակը մեկն է՝ կարողանանք մեր քաղաքն էլ ավելի լավը դարձնել, ծրագրերն իրականացնել և ամենակարևորը, ընտրությունների միջոցով Գյումրին վերջապես դնել զարգացման հստակ ուղու վրա»։
Արժեհամակարգային ու կրթական ամենատարբեր մակարդակներում գտնվով մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ ոչ միայն իրավունք չունեն լինել քաղաքականության մեջ, այլ պատասխանատվության ենթարկվելուց հետո պետք է ուղարկվեն այնտեղ, որտեղից ներմուծվել են Հայաստան։ Ինչ ելք է տեսնում ՔՊ-ն այս հարցում։
Հարությունյանն ասաց՝ ընտրության արդյունքներով ելքը վճռվել է, շուտով Հայաստանի Հանրապետությունն ընտրական գործընթացների վերջնական ամփոփումից հետո կանցնի ամենակարևորին՝ լայն քայլերով կընթանա խաղաղության ամրապնդման ճանապարհով։
![]()