![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծման, ինչպես նաև իր տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն են առաջացնելու։ Վարչապետն այս մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։
Նիստում քննարկվել է ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին տնտեսվարողներին աջակցելու և Հայաստանից արտահանումը դիվերսիֆիկացնելու հարցը, որի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է սերտ աշխատանքը Եվրասիական տնտեսական միության հետ, շարունակելու է այդ աշխատանքը և այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ ԵԱՏՄ շուկայում ինչ-որ մի անշրջելի բան է տեղի ունեցել, և Հայաստանն այդ ուղղությամբ էլ չի նայելու։
«Շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա։ Եվ Եվրասիական տնտեսական միությունը պետք է այդ հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի՝ գիտեք ինչ, ես այլևս չկամ, դե եթե իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք կանք, մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք և աշխատում ենք այնտեղ։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա։ Եթե ուղիղ կամ ակնարկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք։ Այն, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու։ Մենք Կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին, և ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս պրոցեսն առանց հայտարարելու տեղի է ունենում, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, նրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրենց առջև կանգնած է»,- ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իսկապես քննարկելու հարցեր կան, և ինքն առաջիկա առիթը օգտագործելու է այդ քննարկումը բացելու համար։
Փաշինյանն ասել է, որ ինքը Եվրասիական տնտեսական միության գործընկերներին հարցեր ունի նաև այն հայտարարության առնչությամբ, որը Հայաստանի վերաբերյալ ընդունվել էր իր բացակայության պայմաններում։
![]()