Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթությունները

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կենսաբազմազանության վարկերի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի (International Advisory Panel on Biodiversity Credits — IAPB) փոխգործադիր տնօրեն Կամիլ Մակլեի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է COP17-ի նախապատրաստական գործընթացը, մասնավորապես՝ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման համար մասնավոր ֆինանսական հոսքերի ներգրավման նորարարական գործիքները։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից մշակվող նախաձեռնությունները և քննարկել IAPB-ի հնարավոր ներգրավվածությունը դրանց իրականացման գործընթացին։

Կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր հատվածի և կառավարությունների միջև համագործակցության խորացումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման նոր աղբյուրների ձևավորման և բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ աշխատանքային փոխգործակցությունը COP17-ի նախապատրաստական փուլում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ