![]()
Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող 0,13 հա մակերեսով հողամասը՝ օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հունիսի 11-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0,13 հա մակերեսով, 2 միլիոն 383 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
![]()