Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:

Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահ,

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր զեկուցող Եվգենիյա Կրավչուկին գերազանց զեկույցի համար:

Եվ չեմ կարող չնշել, որ մի քանի րոպե առաջ լսած դիտողությունները, որոնց համաձայն՝ լրատվամիջոցները պարզապես արտացոլում են տղամարդկանց և կանանց համար նախապես սահմանված դերերի գոյություն ունեցող «հրաշալի իրականությունը», այս զեկույցը դարձնում են էլ ավելի արժեքավոր և արդիական:

Որպես խորհրդարանականներ՝ մենք հաճախ կենտրոնանում ենք օրենքների և ինստիտուտների վրա, սակայն կարծրատիպերը ձևավորվում են շատ ավելի վաղ, քան օրենքները կարող են դրանք շտկել: Դրանք ձևավորվում են այն ամենից, ինչ մարդիկ տեսնում, լսում և սպառում են ամեն օր:

Վերջին տարիներին սոցիալական մեդիան ամրապնդել է վնասակար կարծրատիպերը և ատելության խոսքը դարձրել ավելի տեսանելի ու ավելի ագրեսիվ: Քաղաքականության, լրագրության և հասարակական կյանքում ակտիվ կանայք հաճախ բախվում են հարձակումների, որոնք քիչ կապ ունեն իրենց գաղափարների հետ, փոխարենը կապ ունեն իրենց սեռի հետ:

Հայաստանում մենք նույնպես բախվում ենք այս երևույթին: Հասարակական կյանքում ակտիվ կանայք անհամաչափորեն թիրախավորվում են առցանց, և սեռական վիրավորանքները շատ հաճախ նորմալ են դիտարկվում: Միևնույն ժամանակ ես տեսել եմ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիաների խրախուսական նախաձեռնություններ, որոնք կանանց ընդգծում են որպես առաջնորդներ, ձեռնարկատերեր, գիտնականներ և որոշում կայացնողներ, այլ ոչ թե սահմանափակում նրանց ավանդական դերերով:

Կարծրատիպերը ազդում են ոչ միայն կանանց վրա, դրանք ազդում են նաև տղամարդկանց վրա: Դրանք ստեղծում են ակնկալիքներ, որ բոլորը պետք է համապատասխանեն նախապես սահմանված դերերին և քիչ տեղ են թողնում անհատականության ու մարդկային ներուժի համար:

Հատկապես այս առումով ես ողջունում եմ զեկույցում մեդիագրագիտության և կրթության վրա շեշտադրումը: Միայն կարգավորումը չի կարող լուծել այս խնդիրը: Մեզ անհրաժեշտ է քննադատական մտածողություն, մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ, մեզ անհրաժեշտ են լավ օրինակներ երիտասարդ սերունդների համար:

Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ սեքսիզմի կամ անմարդկային դրսևորման համար:

Ժողովրդավարական հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ ձայների բազմազանությունը պաշտպանված է, և որտեղ բոլորը կարող են մասնակցել հասարակական կյանքին հարգանքով և արժանապատվորեն:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ