![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Չալաբյանի ձերբակալությանն ու մեղադրանքին:
«Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։
Այնուհետև երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն՝ ի լրումն մեր հաղորդման։
Հետևապես ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։
Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գրել է Իոաննիսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Քննչական կոմիտեն անդրադարձել է Չալաբյանին առաջադրված մեղադրանքին ու հայտնել, որ մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
![]()