![]()
Մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի գործին:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ.-ն:
Ա․Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։
Ա․Չ.-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Ընտրություններից առաջ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկում է Հայաստանի ընտրություններին միջամտելու հարցեր։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր.
«Մասնավորապես Չալաբյանը, ըստ հրապարակման, մատնացույց է անում, որ ՌԴ-ում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրվի, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գնալն ու «ճիշտ քվեարկելը»։
«Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմելու է ՔԿ, որպեսզի այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քրգործին, և դրան տրվի քրեաիրավական գնահատական։
Հատկանշական է, որ ձայնագրությունում այս կոնտեքստում շոշափվում են ԱՊՀ դիտորդները, որոնց գործունեությանը փորձելու ենք առավել ուշադիր հետևել»:
![]()