![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններում Ռուսաստանը Հայաստանում «խայտառակ» պարտություն է կրել: Այս պարագայում նրա խոսքով՝ բացարձակ հետաքրքիր չէ՝ կշնորհավորեն հաղթած իշխող ուժին, թե ոչ:
«Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որ ՔՊ-ն Հայաստանում իշխանություն չլինի: ՌԴ-ում հասկացան, որ Քոչարյանի կինոն ավարտվել է, դրա համար խամաճիկ դարձրին Սամվել Կարապետյանին, որը երկար տարիներ չէր հիշում, որ հայրենիք ունի: Մարդիկ էլ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու»,- ասում է նա:
Ադամյանի խոսքով՝ բոլոր ռուսահպատակ ուժերը շարունակում են մնալ Հայաստանի թշնամին, և նրա կարծիքով՝ այս տարիների ընթացքում իշխանությունը քաղաքական գնահատական չի տվյալ այս ուժերի վարած քաղաքականությանը:
Զրուցակիցը համոզված է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների հիմքեր չկան: Ինչ վերաբերում է նրան, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե իրենք ևս փողոցներում գոռացողների կարող են դուրս հանել, Ադամյանը նկատում է. «Գոռգոռացող գլուխները փողոց դուրս կգան այն պարագայում, երբ նրանց գրպաններում կրկին գումարներ հայտնվեն»:
Նա նաև չի հասկանում, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի ասած հեղափոխությունը մնում օդից կախված՝ միաժամանակ պատասխանելով ինքն իրեն. «Ռոբերտ Քոչարյանը մինչև քոքը մաշել է, քայքայվել»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ տնտեսական խնդիրների առաջացմանը, Ադամյանը աբսուրդ է համարում այն, որ դեռ հայկական գյուղմթերքը չմտած ռուսական շուկա՝ հայտարարեցին, թե վնասատուներ են հայտնաբերել:
Վերջինս կարծում է, որ պետք է առաջ շարժվել՝ համոզմունք հայտնելով, որ Եվրոպայի դռները Հայաստանի առջև այսօր բաց են:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()