Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզպետի, դեպարտամենտի, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ։

«Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրու համար, և վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը մեզ համար առաջնահերթություն է։ Յուրաքանչյուր փողոցի ընտրություն պետք է լինի հիմնավորված, աշխատանքների իրականացումն էլ՝ առանց թերացումների։ Անելիքներ շատ ունենք, պետք է աշխատենք անել հնարավորը՝ տասնամյակներով կուտակված խնդիրներն արագ լուծելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2026-ին նախատեսվում է Գյումրիում 15 կմ ճանապարհահատվածի նորոգում, 2027-ի ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու․ կհիմնանորոգվի 25 կմ ճանապարհահատված։

«Մենք այժմ երկու խնդիր ունենք․ նախ հստակեցնել ֆրեզավորմամբ նորոգվող ճանապարհահատվածները, այնուհետև քննարկենք և ըստ առաջնահերթության նախանշենք այն ճանապարհները, որոնք ամբողջապես կհիմնանորոգվեն 2027-ին, իսկ մինչ հաջորդ տարի հիմնանորոգվելիք ճանապարհների կոմունիկացիաներն ամբողջապես պետք է վերականգնված լինեն, աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ հիմնանորոգված փողոցներում ասֆալտապատումից հետո խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով բոլոր կառույցների տեղեկատվության ամբողջացումն ու համագործակցված աշխատանքը։

Այնուհետև պատասխանատուները քննարկել են նորոգման ենթակա փողոցներում առկա հիմնախնդիրներն ու լուծման ենթակա հարցերը, յուրաքանչյուր փողոց դիտարկվել է առանձին։

Տվյալների ամբողջացումն ու վերջնական ճշգրտումներն իրականացվելու են առաջիկա օրերին՝ փաստաթղթային լիարժեք փաթեթ կազմելու և Կառավարության ղեկավարին ներկայացնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ