![]()
«Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին. վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ»:
Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե սա բացառիկ դեպք է, երբ ընտրակեղծարարությամբ զբաղվել է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը։
«Բոլոր այն մարդիկ, որոնք պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակեղծիքով և ընտրակաշառքով, դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում»,- ասել է Ավինյանը:
Նա խոստացել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են ամենախիստ ձևով:
«Այ հենց այսպես պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Բոլոր նրանց, ովքեր որ էս պետության դեմ փորձել են հանցանք գործել, կաշիները քերթվելու ա, ես ձեզ խոստանում եմ»,-ասաց Ավինյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հեռացրել այդ ուժերին ընտրապայքարից, Ավինյանը պարզաբանել է, որ դա արվել է «ողբ ու լացից» խուսափելու համար։ Նրա պնդմամբ, եթե նրանց հանեին պայքարից, հաջորդ հինգ տարիներին լսելու էին հայտարարություններ, թե «այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին, և մենք դա նրանց թույլ չենք տվել»։
![]()