![]()
«Ես ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչին դուք քիչ առաջ ականատես եղաք: Դա անթույլատրելի է, ՀՀ-ում որևէ տեսակի բռնություն չպետք է տեղի ունենա»,- Երևանի ավագանու նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Նատալի Սինորյանը՝ անդրադառնալով նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«1 ամիս առաջ հնչեցրի այն միտքը, որ հունիսի 7-ից հետո դեռևս նիստ կա, և ինչ երեսով պետք է ընդդիմությունը գա նիստին: Իրենք ամպագոռգոռ խոսում էին, որ հեսա գալիս են իշխանության՝ տեսեք ձեզ ինչ ենք անելու: Ուժեղ տղաներ էին, և հանրապետության միակ ուժեղ տղամարդն էր խոսում և այդպես շարունակ»,- ասաց նա:
Նատալի Սինորյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին ընդդիմությանը ուղարկեց քաղաքական գրողի ծոցը. «Այդ մարդիկ հիմա, փոխանակ ծպտունները չհանեն, եկել են Երևանի գլխավոր ամբիոնի մոտ, ասում են՝ դուք իրավիճակին չեք տիրապետում, մարդկանց հետ չեք շփվում: Հարգելի գործընկերներ, ՀՀ քաղաքացիները ամենակարևոր ուղերձը մեզ քարոզարշավի ընթացքում տվել են, և դա այն է, որ Ռոբերտ Քոչարյանին և ձեր մնացած արբանյակային կուսակցությունների ղեկավարներին, և բոլոր այն անձանց, ովքեր ընտրակաշառք են բաժանել՝ դատել, և իրենք իրենց պատիժը ստանան, դա լինելու է մեր քաղաքական հանձնառությունը: Փոխանակ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում որևէ մի տեղ գետինը մտնեք, եկել եք այստեղ հաթաթա եք տալիս: ՀՀ-ի ճակատագիրը որոշելու են այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում են բնակվում, հարկ են վճարում և ՀՀ-ում են իրենց երեխաների ապագան պատկերացնում: Չհամարձակվեք որևէ համատեքստով գաք և այստեղ հաթաթա տաք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, հաշտվեք այդ մտքի հետ և մնացեք ձեր տեղերում»,- եզրափակեց Սինորյանը:
![]()