![]()
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի լավագույն ծառայողի՝ Հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայող Տիգրան Մանուկյանի համար տարիները պարզապես կենսագրության մաս չեն, այլ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում առաքելությունն անշեղորեն իրականացնելու հնարավորություն։
«Տիգրան Մանուկյանը դեռ մանկուց էր ցանկանում ոստիկան դառնալ։ Առաջին քայլն արել է 2012 թվականին՝ ընդունվելով Ոստիկանության ակադեմիա։
«Ինձ համար Ոստիկանության գվարդիայում ծառայելը արժանապատվություն է։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ եթե ցանկանում են դառնալ ոստիկան, ապա չվախենան դժվարություններից և գնան իրենց երազանքի հետևից»,- ասում է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատարը։
Նրա խոսքով՝ ոստիկանը 24 ժամ մնում է ոստիկան, նույնիսկ աշխատանքից դուրս․ ամենամեծ պատասխանատվությունը բարեխիղճ ծառայություն իրականացնելն է։
Ամեն օր ծառայության մեջ լինելը Գվարդիայի լավագույն ծառայողին սովորեցնում է լինել ավելի պատասխանատու ու կարգապահ, պատրաստ լինել ցանկացած դեպքի անմիջապես արձագանքելու։
Բարեխիղճ ծառայության համար Տիգրան Մանուկյանը ղեկավարության կողմից արժանացել է խրախուսանքների։ Նրա փորձառության, մասնագիտական և անձնական որակների մասին լավագույնս վկայում են գործընկերները․ բոլորի գնահատականներում կրկնվում է մեկ բնորոշում՝ Տիգրանն ունի բացառիկ նվիրվածություն։
«Ծառայության ընթացքում ենթասպա Մանուկյանը գրանցել է դրական արդյունքներ։ Աչքի է ընկել թե՛ թմրամիջոցների, թե՛ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործում՝ ցուցաբերելով բարձր պատրաստակամություն»,- ընդգծում է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատար Յուրի Արամյանը։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի, 2-րդ գումարտակի, 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հմայակ Վարդանյանի խոսքով՝ Տիգրան Մանուկյանի աչալրջության շնորհիվ արագ արձագանքել են տարբեր իրավիճակներում՝ զանգվածային միջոցառումների, վարչական իրավախախտումների արձանագրման, ինչպես նաև հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման ժամանակ։
«Միասին ծառայել ենք տարբեր ստորաբաժանումներում։ Միշտ աչքի է ընկել բարեխիղճ ծառայությամբ»,- ասում է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արթուր Վարդազարյանը։
«Տիգրան Մանուկյանը՝ որպես ջոկի հրամանատար, անվերապահորեն կատարում է իր առջև դրված ցանկացած առաջադրանք և խնդիր։ Նա անմիջական է, նախաձեռնող և արագ շտկում է ցանկացած թերություն՝ օրինակ ծառայելով ենթակա անձնակազմի համար»,- նշում է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Միքայելյանը։
«Եթե նորից ընտրություն կատարեի, կընտրեի նույն ուղին, քանի որ ծառայելով օրենքին՝ ծառայում եմ ժողովրդին։ Լավագույնի կոչմանն արժանանալն ինձ համար պատիվ է և ավելի մեծ պատասխանատվություն։ Այս գնահատականը ինձ պարտավորեցնում է ավելի լավ ծառայել և կատարել իմ առջև դրված խնդիրները»,- ընդգծում է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար Տիգրան Մանուկյանը։
Այսպիսին էր Ոստիկանության գվարդիայի 2025 թվականի լավագույն ծառայող Տիգրան Մանուկյանը։ Ինչպես ինքն է վստահեցնում, նույն պատասխանատվությամբ և հանրության անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ պատրաստ է շարունակել ծառայությունը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
![]()