ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։

Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։

Ազատությունից զրկված անձանց բարձրացրած հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում դրանց անհապաղ արձագանքելու և լուծումներ առաջարկելու նպատակով։ Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության կենտրոնում։ Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ