Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Ինչպես հայտնել ենք՝ ավելի քան 1 շաբաթ տևած որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում խեղդված 13-ամյա երեխային դին:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Ականատեսների պատմելով՝ երեխաները փորձել են թաղամասով անցնող գետի վրա տեղակայված խողովակի վրայով անցնել ավելի կարճ ճանապարհ ունենալու համար, սակայն քույրերից փոքրը սայթաքել է, ընկել վարարած գետը. նրան օգնել փորձող 13-ամյա քույրը ևս ընկել է ջուրը:

Փամբակ գետն ընկած երկու քույրերի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող քույրերից կրտսերի՝ 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված էին Փրկարար ծառայության՝ 180, ոստիկանության՝ 90 ծառայող, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ