Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 1 շաբաթ տևած որոմողական աշխատանքների արդյունքում գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում խեղդված 13-ամյա երեխային դին:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Ականատեսների պատմելով՝ երեխաները փորձել են թաղամասով անցնող գետի վրա տեղակայված խողովակի վրայով անցնել ավելի կարճ ճանապարհ ունենալու համար, սակայն քույրերից փոքրը սայթաքել է, ընկել վարարած գետը. նրան օգնել փորձող 13-ամյա քույրը ևս ընկել է ջուրը:

Փամբակ գետն ընկած երկու քույրերի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող քույրերից կրտսերի՝ 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված էին Փրկարար ծառայության՝ 180, ոստիկանության՝ 90 ծառայող, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ