![]()
Մարտուն Գրիգորյանի՝ 2025 թվականի հունիսից հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
«Հայկական ժամանակ»-ին Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Նրա հետ տեսակցությունները սահմանափակվել են։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:
Կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, մյուս 2-ի նկատմամբ ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:
Տնային կալանք էր տրվել «Հացատուն» սննդի կետի տիրոջը՝ Արտյոմ Գրիգորյանին: Հետախուզվողներից մեկը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին էր՝ Կամո Գրիգորյանը, մյուսը՝ Գրիրգորյան ընտանիքի քավոր, տարիներ առաջ սպանված «Շեկո» անունով հայտնի անձի որդին՝ Վաչագան Կարապետյանը, ով ավելի ուշ հայտնաբերվել էր։
Հիշեցենք, այս կրակոցները հաջորդել էին Գյումրու ՏԻՄ ընտրություններում Մարտուն Գրիգորյանի՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայները տալու որոշմանը։
«Շեկո»-ին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտուն Գրիգորյանի՝ Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգնելը սպանվածի որդու համար ընդունելի չի եղել: Ընտանիքներն այս հարցում ունեն տարաձայնություններ, ինչն էլ կրակոցների պատճառ էր դարձել:
![]()