ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական անփութություն դրսևորելու մեջ

2026 թվականի հունիսի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական գործ է մուտքագրվել ՀՀ ՊՆ Ն զորամասի կադրերի բաժանմունքի պետ, մայոր Թ․Ե․-ի նկատմամբ՝ պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2025 թվականի հունիսի 2-ին չի կատարել պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով սահմանված պահանջները՝ կապված զինվորական ծառայությունից արձակման փաստաթղթերի նախապատրաստման և ընթացակարգերի ապահովման հետ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Թ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այն արարքի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի կադրերի բաժանմունքի պետ, պաշտոնատար անձ, կոչումով մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի 18.09.2024թ-ի N 1654 հրամանի և 17.12.2018թ.-ի N 1552-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին 31.05.2023թ-ի N 739-Լ հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով պատշաճ կերպով կատարել զինվորական ծառայությունից արձակման համապատասխան փաստաթղթերի սահմանված կարգով նախապատրաստումն ու ներկայացումն ըստ անվանակարգության, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման ժամանակ շարային բաժանմունքից ու խմբից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ընդունումը, անձնական գործերի կազմումն ու դրանց հետագա ընթացքի ապահովումը, պայմանագրային զինծառայողների հաշվառման փաստաթղթերի, զինվորական պաշտոնների նշանակման, զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում պայմանագրերի կնքման, այլ պատճառներով ուղղությամբ գործառույթների իրականացումը, ինչպես արձակման պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից՝ արձակելու հրամանում պարտադիր նշել համապատասխանաբար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված լինելու գրառումները, 02.06.2025թ-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, չի կատարել ՀՀ պաշտպանության նախարարի 17.12.2018 թվականի թիվ 1552-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին 31.05.2023 թվականի թիվ 739-Լ հրամանի պահանջները։

Թ․Ե-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ