Եվրոպական շուկան իր դռներն է բացում հայկական ապրանքների համար, բայց դրանք շատ արագ չեն հայտնվի այնտեղ. տեղի է ունենում դիվերսիֆիկացիա. Սոս Խաչիկյան

«ԵՄ-ն փորձելու է հրատապ կարգով այդ որոշումն իրականացնել, բայց միևնույնն է կպահանջվի որոշակի ժամանակ: Այստեղ կարևորը ոչ միայն կոնկրետ ժամանակահատվածը կամ գյուղատնտեսությանն ու արտահանողներին օժանդակելն է, կարծում եմ՝ սա շատ կոնկրետ քաղաքական մեսիջ է, որ ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել աջակցություն արտահանողներին այն պարագայում, երբ նրանք խնդիրներ կունենան այլ տնտեսական մոդելների ներսում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար՝ ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը:

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը նման որոշում է կայացրել Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմանափակումների ֆոնին:

Խաչիկյանի խոսքով՝ ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումները նոր մոտեցումներ կառաջացնեն ոչ միայն ԵՄ-ի, այլև ասիական կամ այլ երկրների հետ հարաբերություններում. «Այլընտրանքները պետք է մեծանան, բայց դրա համար ինստիտուցիոնալ կառույցներ են պետք: Հայկական կողմը՝ ի դեմս Կառավարության և բիզնեսի, ստիպված կլինի գտնել այլընտրանքներ և շատ կարճ ժամանակամիջոցում լուրջ ինտեգրացիոն գործընթացներ կմեկնարկեն: Այդ սահմանափակումների հետևանքով հնարավոր է բիզնես դաշտն ունենա որոշակի կորուստներ, պետությունը հարկերի տեսքով ունենա կորուստներ, բայց քաղաքականությունը պետք է իրականացնել այնպես, որ եթե կարճաժամկետ հատվածում ունենում են կորուստներ, գոնե երկարաժամկետ հատվածում ունենան տեսանելի դիվերսիֆիկացիա, որն էական փոփոխություն կբերի»:

Ըստ տնտեսագետի՝ արտահանումների հետ կապված միայն մաքսատուրքերը բավարար չեն, շատ կարևոր են նաև հաղորդակցության ուղիները. «Եթե մաքսատուրքերի մասով նվազեցումներ կամ նույնիսկ զրոյական մաքսատուրքեր լինեն, միևնույնն է մեզ անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ, որպեսզի ապրանքներն արտահանվեն Եվրոպա և երկրորդ՝ անհրաժեշտ են այնպիսի բիզնես համակարգեր, որ արտահանված ապրանքներն արդեն ներկայացվեն կոնկրետ շուկաներում: Այս գործընթացի սկիզբը երկարաժամկետ հատվածի համար դրական մեսիջներ է պարունակում»:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից մի քանի ոլորտի սահմանափակումներին և ԵՄ-ի կողմից դրանց աջակցմանը՝ Խաչիկյանն ասաց. «Դա հիմնականում վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին և գյուղատնտեսությունից ստացված ապրանքների վերամշակված արտադրանքին, այսինքն՝ թարմ պտուղ և բանջարեղեն ու դրանց վերամշակված արտադրանքը: Այդ փաստաթղթում նշված է 20 խոշոր ապրանքատեսակ, որոնք վերաբերում են վերը նշված արտադրանքներին: Եվրոպական շուկան իր դռներն է բացում հայկական ապրանքների համար, բայց դա չի նշանակում, որ հայկական ապրանքները շատ արագ կհայտնվեն այնտեղ: Դռները բացում են՝ նշանակում է ստեղծում են նոր հնարավորություններ, իսկ դրա համար մենք պետք է անցնենք ստանդարտացման ճանապարհներ, այս տեսանկյունից դա ձեռնտու է նաև Եվրոպային: Այս գործընթացն ուղղակի ապրանքների արտահանման-ներմուծման շրջանակում չէ, սա նաև ամբողջ տնտեսական քաղաքականության շրջանակում է իրականացվում, այն փոխադարձ շահ է պարունակում իր մեջ»:

Հարցին, թե այս որոշումը կարող է այլընտրանք լինել ՌԴ արտահանումներին՝ Սոս Խաչիկյանը նշեց՝ այո, բայց դրա հետ մեկտեղ չպետք է կորցնել նաև ռուսական շուկան. «Վստահաբար ՀՀ-ում կան բիզնեսներ, որոնք ամբողջովին չեն կարողանալու համապատասխանել եվրոպական շուկայի չափանիշներին, նմանատիպ բիզնեսների համար ռուսական շուկան կարևոր է: Չեմ տեսնում որևէ քայլ, որ ՀՀ կառավարությունը այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ բիզնեսին ամբողջովին կտրի ռուսաստանյան շուկայից, նման բան չկա, հակառակը՝ Կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել շուկան, այսինքն ունենալ և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկա: Երբ եվրոպական կողմից առաջարկ է լինում, դա չի նշանակում ռուսականը փոխարինել եվրոպականով, դա նշանակում է նա պահելով՝ զարգացնել նաև այս հնարավորությունը: Եվրոպայի հետ ունենալ այլընտրանք՝ շատ կարևոր է, որովհետև Հայաստանի հաղորդակցության ուղիները դեպի ՌԴ միջնորդավորված են, ցանկացած պահի կարող են այլ խնդիրներ առաջանալ, ոչ միայն ռուսական կողմից սահմանափակումների, այլև երրորդ երկրների կողմից վարվող քաղաքականության շրջանակում»:

Խաչիկյանի կարծիքով՝ այլընտրանք փնտրելը մի կողմից բերում է կորուստներ, մյուս կողմից՝ նոր հնարավորություններ. «Եթե նույնիսկ վաղը բացվեն բոլոր սահմանափակումները կամ ԵԱՏՄ-ի հետ որևէ խնդիր չառաջանա, միևնույնն է՝ երկու ամիս հետո նորից հնարավոր է նման բան լինի, մենք միևույնն է ինչ-որ մի պահի խոսելու ենք կորուստներից, դրա լավագույն տարբերակը դիվերսիֆիկացիան է: Մի կետից կախվածությունը միշտ կարող է առաջացնել կորուստներ»:

Ինչ վերաբերում է եվրոպական և ռուսական շուկա արտահանման գնային քաղաքականությանը՝ Խաչիկյանը նշեց. «Գինը շատ տարբեր գործոններից է կախված՝ շուկաների պահանջներն ու ստանդարտները տարբեր են, հաճախորդներն են տարբեր: Եթե բիզնեսը կարողանա ունենալ և՛ դեպի ՌԴ, և՛ ԵՄ արտահանման ապրանքներ, սա լավագույն տարբերակը կլինի: Դեպի ԵՄ կամ արևմտյան շուկաներ արտահանվող ապրանքներն ունեն ավելի բարձր ստանդարտներ, ավելի բարձր գին, այս շրջանակում միգուցե դեպի ԵՄ արտահանումն ապահովի ավելի մեծ արժեք, բայց նաև դա կստեղծվի նոր տեխնոլոգիաների, նոր մոտեցումների շնորհիվ»:

Այս որոշումը՝ ըստ տնտեսագետի ժամանակավոր բնույթ չի կրում. «Սրան կարող են հետևել այլ գործընթացներ, որոշակի չափով բիզնեսի ինտեգրումը եվրոպական չափանիշներին շարունակական կլինի: Տնտեսության կոլապսի կամ փլուզման մասին խոսք չի կարող լինել, տնտեսությունն ունի բավականին կայուն կառուցվածք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ