![]()
Դատախազը 2026 թվականի հունիսի 12-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և առևանգում կատարելու համար մեղադրվող Գ. Ս.-ի և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և դրա կազմում առևանգում կատարելու համար մեղադրվող Ս. Գ.-ի ու Ս. Կ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
«Այս վարույթով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2025 թվականի նոյեմբերի 25-ին վերացրել էր քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, իսկ վերադաս դատախազը վերացրել էր վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հսկող դատախազի՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումները:
Քրեական վարույթով պարզվել է, որ Գ. Ս.-ն քաղաքացիների միջև ծագած գույքային խնդիրները լուծելու նպատակով 2024 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է երեք և ավելի անձանցից բաղկացած հանցավոր կազմակերպություն, որին ի թիվս այլոց՝ մասնակցել են նաև Ս. Գ.-ն ու Ս. Կ.-ն:
2024 թվականի նոյեմբերին հանցավոր կազմակերպության անդամներին՝ մասնավորապես Գ. Ս.-ին և Ս. Գ.-ին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ Ա. Ս.-ն իր կնոջ կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին և հունիսի 14-ին արտասահմանից ավտոմեքենա ներմուծելու նպատակով ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված 11 միլիոն 931 հազար 850 դրամը նշված ընկերության տնօրենից վերադարձնելու հարցով:
Հանցավոր կազմակերպության անդամներ Գ. Ս.-ն, Ս. Գ.-ն և Ս. Կ.-ն, Ա. Ս.-ի և ՍՊ ընկերության տնօրենի միջև առաջացած քաղաքացիաիրավական հարաբերությունները հանցավոր ճանապարհով լուծելու նպատակով 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարբերաբար զանգահարել և այցելել են ՍՊ ընկերության գրասենյակ և ընկերության տնօրենի նկատմամբ հնչեցրել բռնություն գործադրելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ:
ՍՊ ընկերության գրասենյակ կատարած այցերից մեկի ժամանակ՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, Ս. Գ.-ն և Ս. Կ.-ն ՍՊ ընկերության տնօրենի վրա ճնշում գործադրելու և վերոնշյալ գումարը հետ ստանալու նպատակով առևանգել են ՍՊ ընկերության աշխատակցին, տեղափոխել Երևան և զանգահարել ՍՊ ընկերության տնօրենին՝ պահանջելով վերադարձնել Ա. Ս.-ի պարտքի մնացած մասը՝ որպես աշխատակցին բաց թողնելու պայման:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամները ՍՊ ընկերության տնօրենից մաս-մաս ստացել և Ա. Ս.-ին են փոխանցել գումարի մի մասը, իսկ վերադարձված գումարից 1 միլիոն 194 հազար դրամը Ա. Ս.-ի առաջարկով որպես անօրինական վարձատրություն պահել են իրենց: Պարտքի գումարի մնացած մասը ՍՊ ընկերության տնօրենը հանցավոր խմբի վերոնշյալ անդամների սպառնալիքների և ճնշման ազդեցության տակ բանկային փոխանցման եղանակով մաս-մաս վերադարձրել է Ա. Ս.-ին:
Դատախազը Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցավոր կազմակերպության անդամներ Ս. Գ.-ի և Ս. Կ.-ի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, ինչպես նաև դրա կազմում առևանգում կատարելու համար (մնացած մասով նախաքննությունն ընթացքի մեջ է):
2026 թվականի հունիսի 12-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը հանձնել է իրավասու դատարան:
![]()