Առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձը 1 տարի անց կարող է ստանալ այն՝ առանց քննությունների և 50 հազար դրամ վճարելով

Կառավարությունը փոխել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը։

Նախագիծը մայիսի 27-ի Կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի հետո վարորդական իրավունքները վերականգնում են քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ են զրկվել, թե ոչ։ Առաջարկվող փոփոխությամբ առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել այն առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։

«1 տարվա ժամկետը լրանալուց հետո անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրք, որն այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների միայն 1 անգամ։

Վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր։ Եթե 6 բալային միավորը սպառվում է, կամ անձը այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին գնում ենք զրկման եղանակի, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը։

Նախագծով նախատեսվում է նաև անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքից զրկված անձինք ևս մեկ անգամ կկարողանան օգտվել նույն կարգավորումից։

Նախագիծը, ըստ նախարարի, վերաբերում է միայն Ոստիկանության կողմից վարչարարության շրջանակում կիրառված վարորդական իրավունքից զրկման դեպքերին։ Կարգավորումները չեն տարածվելու դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կիրառած զրկումների, ինչպես նաև առողջական վիճակի կամ անգործունակության հիմքով վարորդական իրավունքի դադարեցման դեպքերի վրա։

2025 թվականին Հայաստանում վարորդական իրավունքից զրկվել է 4911 անձ, իսկ 2024 թվականին՝ 5496։ Վարորդական իրավունքից զրկելու հիմնական պատճառը եղել է ոչ սթափ վիճակում վարելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ