Վախվորած օլիգարխի «ցինիկ» պատասխանները

«Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել». Factor.TV-ի հարցերին ի պատասխան՝ վրա է եկել մի քանի երկրի քաղաքացի, օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը փորձում է Հայաստանի վարչապետի աթոռին հասնել:

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչո՞ւ, Կարապետյանը ի ցույց է դրել իր վախերը՝ հանիրավի լրագրողին մեղադրելով և պիտակավորելով:

«Որովհետև զգում եմ՝ դուք Փաշինյանի հետ փայ եք մտել, ուզում եք ամեն անգամ ինքը ինձ մեծ գումարներ կրի»,- ասել է ըստ իրավապահ մարմինների՝ ընտրակաշառքներ բաժանող նորելուկ քաղաքական ուժի ինքնահռչակ «վարչապետը»:

Լրատվամիջոցի ներկայացուցչի սաստող արձագանքին, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ներկայացրած լրատվամիջոցը որևէ մեկի հետ «փայ» չեն մտնում, օլիգարխը վախվորած ասել է. «Բա ինչի՞ համար հենց ձեր հարցերին պատասխանում եմ, Փաշինյանը ինձ մեծ գումարներ դատի ա տալիս»:

Լրագրողի արձագանքին, որ հարց ունի, թե՞ այսպես է ցանկանում դառնալ երկրի վարչապետ՝ խտրականություն դնելով լրագրողների նկատմամբ, Կարապետյանը համաձայնել է պատասխանել հարցին՝ ևս մեկ անգամ վախվորած ասելով. «Փաշինյանին կասեք՝ դատի չտա»: Այս պատասխանին կրկին խիստ տոնով արձագանքել է լրագրողը՝ ասելով. «Ես կորոշեմ իմ վարքագիծը և ասելիքն ու անելիքը», ապա հղել է հարցը:

«Ռուսական The Insider-ը (ոնց որ ձեզ շատ են սիրում) նորից հրապարակում է արել, ասում են, որ…». Կարապետյանը չի թողել, որ լրագրողը հարցն ավարտի՝ ցինիկաբար պատասխանելով, թե «դա ռուսական The Insider չի, հաշվեք «Հայկական ժամանակ»-ն է»: Ապա լրագրողը շարունակել է. «Ասում են՝ Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան, այն գնվել է «Գազպրոմ» բանկի միջոցոներով, ինչ-որ նոր հետաքննություն է ձեր մասին, ասելիք չունե՞ք այս մասով»:

Հայերեն բառերը մի կերպ իրար կապկպող օլիգարխը արձագանքել է՝ ասելով. «Շատ հետաքրքիր հետաքննություն է, ինչ ասեմ»: Արձաքանելով լրագրողը ասել է, որ կարդաց, ապա Կարապետյանը կրկին ցինիկացել է՝ պատասխանելով, թե «Լյուդովիկ 14-ն էլ է այդտեղ ապրել, կռիվ անե՞նք»:

Փաստացի լրագրողների հետ մի քանի րոպե շփված օլիգարխը ոչ միայն հանիրավի թիրախավորել է լրագրողներին և լրատվամիջոցներին, այլ նաև անուղղակի խոստովանել է, որ պարզագույն ստերի համար դատարաններում պարտվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել իշխանությունը զավթելու կոչերի համար տնային կալանքում գտնվող Կարապետյանի դեմ՝ «Փաշինյանը Չինաստանից 1 տոննա հալյուցինագեն սունկ է բերել հետը Հայաստան, ուտում է ամեն նիստից առաջ» հայտարարության և «Փաշինյանը Կանադայում տուն ունի, փախնելու է այնտեղ» հայտարարության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ