Սարսափելի մեծ թվերով ընտրակաշառք են բաժանում. վերցնողները արժանի են այն հայհոյանքներին, որ տալիս են. տեսանյութ

Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը հպարտանում է, երբ արտերկրից վերադառնալիս օդանավակայանում ռուս սահմանապահների փոխարեն տեսնում է հայ սահմանապահներին: Նրա համար սա անկախության ևս մեկ ցուցանիշ է:

Վարդապետյանին տպավորել է նաև այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իրազեկման թերթիկներ է բաժանում օդանավակայանում, որի միջոցով նախազգուշացնում են՝ կաշառք վերցնելը քրեորեն հետապնդելի արարք է, և մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում:

Վահան Վարդապետյանը 2018 թվականի իրադարձությունների ամենամեծ ձեռքբերումը համարում է լեգիտիմ իշխանության ձևավորումը ազատ և անկախ ընտրությունների միջոցով: Նա ընդգծում է այն կարևոր հանգամանքը, որ անգամ հետպատերազմական ծանր պայմաններում այս կարևոր սկզբունքը չի խախտվել:

Վերջինս անուղղակի հարց է հնչեցնում՝ «ինչ է, հիմա մենք հետվերադա՞րձ ենք կատարում»՝ օրինակ բերելով իրավապահ մարմինների ամենօրյա բացահայտումները՝ ընտրակաշառք բաժանելու հետ կապված:

«Սարսափելի մեծ թվեր՝ 150 հազար, 180 հազար, մարդկանց մասին խոսում են հայհոյանքով, չնայած վերցնողները արժանի են դրան: Սահմանադրական դատարանը այսքան ընտրակեղծարարությունների հետ կապված պետք է ահազանգ բարձրացնի»,- ասում է նա:

Բժիշկ-հասարակական գործիչը միաժամանակ նկատում է. «Մի լսեք եռագլխի և փոքր-մոքր գլխիկների հայերենի իմացությունը․ սարսափելի է: Երկրորդ նախագահը օրը մի նոր բառաշինությամբ է զբաղված, ու այս մարդիկ երկրի վարչապետին ասում են՝ անգրագետ, չգիտես՝ լաս, թե խնդաս»:

Երկար տարիներ նախկին իշխանությունների դեմ պայքարած գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր նշաձող է սահմանել. «Անգամ երդման արարողությունների ժամանակ մի քանի ոստիկանական շարքեր էին կանգնում, թռչունն ու ճանճը չէին կարող մոտենալ, իսկ հիմա դուրս են թափվել, ելույթ են ունենում իրենց ունկնդիրների առջև»:

Ըստ Վարդապետյանի՝ Ռուսաստանն իր քայլերում սխալվել է. «Արդյոք հայ ժողովրդի համար կարո՞ղ է լինել ավելի ատելի կերպար, քան «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի հետ ասոցացված դեմքերը, որ բերել հայ ժողովրդին են դեմ տվել»:

Հարցադրմանը՝ ինչի մասին են այս ընտրությունները, վերջինս ընդգծում է. «Այս մարդիկ ոտքի են ելել՝ սեփական պետականությունը ականապատելու: Շարասյունից լավ հոտ չի գալիս, ռուսահպատակության գեն ունեն: Այս ընտրությունը պետականությունը պահելու և կորցնելու, այսինքն՝ գուբերնիա դառնալու և չդառնալու միջև է, խաղաղության և պատերազմի միջև է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ