![]()
Իհարկե, այսօր այնքան խառնակ ժամանակներ են, այնքան աղավաղված է ճշմարտությունը, որ իշխանությունների տեսակետը հանրային հայտնելը դարձել է ամոթի պես մի բան։ Մարդիկ նույնիսկ իրենց միջավայրում բացահայտ չեն ընտրում ՔՊ-ին, շատերը թաքուն են ընտրում, իսկ հարևանին ասում են, որ իբր ընդդիմադիրներին են ընտրել։
Ընդդիմադիր լինելը հիմա ավելի մոդայիկ է։ Ճիշտ է՝ շատերը չեն հասկանում, որ սրանից ավելի մեծ ապացույց չկա, որ երկրում իրական ժողովրդավարություն է կայանում, սակայն սա շատ առումներով երևույթների մեջ շատ չխորացող մարդկանց համար խիստ տհաճ իրավիճակ է։
Այս ամենը պետականամետ քաղաքացու համար մինչև հոգու խորքն ու ուղեղիս սպիտակ նյութի վերջին մոլեկուլը ցավեցնող երևույթ է։
Իհարկե, սա վատագույն վիճակը չէ, քանի որ հասարակությունը հասկանում է, որ գուբերնացումից խուսափելու համար պետք է կատարել ճիշտ ընտրություն։ Իսկ վերջին տարիներին ՀՀ քաղաքացու ինքնագիտակցությունը զգալիորեն բարձրացել է, ստրկացումն ու գերությունը տարբերում է անկախությունից, ձայնի իրավունքի դեմ ուղղված թաքուն ու խրթին օպերացիաները հասկանում է, դրա համար կռիվ է տալիս և այլն։
Ի վերջո, ի՞նչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը:
44-օրյա պատերազմը և հետագա իրադարձությունները գծված էին մեծ սենյակներում, որտեղ ազգերի ու պետությունների ճակատագիրը որոշելու ավանդույթներ կան. պատերից փչում է փոփոխված, ոչնչացված պետությունների քարտեզների նամշած հոտը։
Այդ սենյակներում որոշել էին, որ հայ ազգը պետք է կրկնի 1920 թվականն ու Ալեքսանդրապոլը։ Լավ մշակված պատերազմում, որտեղ մենք ընդամենը մատաղացու գառի դեր ունեինք և ոչ միայն մեր զավակներին մատաղ տալով, այլև որպես պետականություն, պետք է մատաղ լինեինք մեծ աշխարհաքաղաքական նախագծերի համար։
Պատերազմի մեղավոր մեզ էին նշանակելու, ՀՀ իշխանությունները պետք է լինեին հիմնական մեղավորը, որ մեզ վրա հարձակվել էին։ Մոտավորապես ինչպես Լեհաստանն էր մեղավոր, որ Հիտլերը հարձակվեց նրանց վրա։ Արդյունքում եղածի փշրանքների վրա գոյատևելու համար մեզ պետք է «փրկեին» հյուսիսից նշանակված մուղդուսիները, որոնք «մեղավորների» համար համապատասխան խաչերը պատրաստել էին, մեզ նմաններին էլ որպես դավաճանների մնացուկ, հետևանք կկացնահարեին։ Իսկ այդ ամենի ճարտարապետների հրճվանքը լինելու էր անսահման, քանի որ այս անգամվա մուղդուսիները նախորդ անգամվա զոհերի հետնորդներն էին։ Սրանից ավելի դաժան բան չի կարող պատահել ազգերի հետ։
Այսինքն՝ հյուսիսի «փրկիչների» հաղթանակը ինչ աստիճանի բացարձակ էր լինելու, որ նրանք, 1920 թվականի զոհերին մեղավոր սարքելով, արդեն հասել են այն աստիճան, որ այս անգամ այդ զոհերից դահիճ են ստացել։ Սա նույնն է, որ Մարկոս Կրասոսը բռներ Սպարտակի որդուն, և ստրուկների հաջորդ ապստամբության ժամանակ Սպարտակի որդին որպես Հռոմի հավատարիմ զորավար մեղավոր նշանակեր նոր ապստամբած ստրուկներին և դառնար նրանց դահիճը։ Պատմության մեջ նման դեպքեր իրականում եղել են։
Օսմանական ենիչերիները, դառնալով Սուլթանների զորավարներ, կոտորում էին իրենց ժողովրդին, որի զավակն էին։ Սակայն նրանցից շատերը դա չգիտեին, իսկ աբսուրդն այն է, որ ՀՅԴ-ի ղեկավարները չեն կարող 21-րդ դարում չհասկանալ, որ իրենց դահիճների ձեռքին նոր դահիճ ու պատուհաս են դառել Հայոց պետականության համար։ Չէին կարող չհասկանալ, որ Սիմոն Վրացյանն ու Հովհաննես Քաջազնունին նույն կարգավիճակում են եղել․ ժամանակավոր ու պատահական անկախությունը փորձում էին վերածել իրական անկախության և «մեղավոր» նշանակվեցին հայկական մաքսիմալիզմի համար։
Նիկոլ Փաշինյանը այդ խունավ, մեծ պատուհաններով ու բարձր պատերով սենյակներում նշանակված էր որպես նոր Քաջազնունի ու Վրացյան։ Սակայն նա այնքան հզոր կերպար դուրս եկավ, որ ոչ միայն խափանեց այդ սցենարը, այլև դարձավ մեր պատմության հավաքական Արտաշես, Վռամշապուհ, Պապ ու միաժամանակ Արամ Մանուկյան, որին հասկացավ ու ընդունեց հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն էլ հաստատ առաջվանը չէր, հասկացել էր այդ «շուստրի կոմբինացիան» և չնայած իր շարքերում բազում երեսուն արծաթանոցներին ու միամիտներին՝ ոտքը ամուր խփեց գետնին ու կանգնեց այն ղեկավարի կողքին, որին «մեղավոր» էին նշանակել։
Այսօր, ցավոք, շատ բաներ ուղիղ ասել հնարավոր չէ և, որ ավելի կարևոր է, պետք չէ։ Իրերն ու իրադարձությունները ինքնին պետք է հասունանան, իսկ աշխատանքը պետք է անել հնարավորինս լուռ ու հանգիստ, առանց էմոցիաների, առանց շտապողականության։
Իմ հարևանը, որ ողջ կյանքում մեծացել է կաշառակեր պապայի հովանու տակ, լավ իրավաբանական կրթություն ստացել ու հիմա էլ սեփական գրասենյակում լավ գումար է վաստակում և աջակցում է «փրկիչներին», բնականաբար, չի հասկանում, որ իր կյանքը վայելում է։ Նա չի գիտակցում, որ իր արածը Փիսակի գործն է։ Սարոյան Հայկն էլ չէր գիտակցում, որ իր եղբայրն է ճիշտը. այդ պահին նրան դա ապացուցելը անհնար էր. ժամանակ էր հարկավոր։ Անդրանիկ Օզանյանն էլ էր հավատում, որ միայն զենքով ու պայքարով կարող է հասնել հաջողության. նա մերժում էր Հրայր Դժոխքի առաջարկները։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ անդադար կռվելով հնարավոր չէ հասնել հաջողության, երբ քո ազգը չունի անհրաժեշտ գիտակցություն, չունի ռեսուրս, չունի պատրաստություն և այլն։ Սա, իհարկե, ընկալողների համար ցավոտ է, դառն է, երբեմն տհաճ ու վիրավորական անգամ։ Նույն կերպ էլ ինձ համար է ցավոտ ու վիրավորական, ինչպես իմ շրջապատի Փիսակների գոյության համար։
Հասկանում ես, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, քո հետևից կկրակեր հերթական գնդապետ Սուրմելյանը, և դու դեռ ոչինչ, հերթական Պետրոս Գետադարձը Հայոց պետականության բանալիները ուրիշին կհանձներ, ու կավարտվեր ամեն ինչ։ Այո, ցավոտ է, բայց այլ ելք չկա։ Նույն կերպ էլ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի համար է վիրավորական ու անտանելի, որ նրան հաճախ չեն հասկանում, որ նա ավելի մեծ արագությամբ ու թափով չի կարողանում հզորացնել Հայաստանի Հանրապետությունը։ Հաճախ իր ներդրումները լիարժեք չեն կյանքի կոչվում։ Նա էլ է, սակայն, գիտակցում, որ, ցավոք, ավելի արագ հնարավոր չէ։ Նույն կերպ էլ նա է գիտակցում, որ մի քիչ էլ է պետք սպասել ու լուռ գործ անել առանց փոթորիկների, իսկ պատմությունը կգնահատի։
![]()