![]()
Վերջին օրերին պարեկները տարբեր դեպքերով հայտնաբերել են չորս ատրճանակ, փամփուշտներ և այլ զինամթերք։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Մայիսի 11-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ՝ 32 և 26 տարեկան երկու երիտասարդի։ Նրանց մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ:

Մայիսի 12-ին նույն հատվածում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները 30-ամյա վարորդի մոտ հայտնաբերել են ատրճանակ, դանակ և փամփուշտներ։
Երկու դեպքով էլ ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Մայիսի 15-ին ապօրինի զենք են հայտնաբերել Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Հաղարծին գյուղի վերջնամասում նրանք կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվող պայուսակում նկատել են կտորի մեջ փաթաթված զենքի նմանվող առարկա։ 34-ամյա վարորդը, սակայն, պայուսակը նետել է ճանապարհին։ 34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ: 34-ամյա վարորդը ձերբակալվել է։

Մայիսի 16-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Շահումյան փողոցում մոտեցել են կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որի 27-ամյա վարորդը, նկատելով պարեկներին, փորձել է ինչ-որ առարկա թաքցնել ուղևորի նստարանի տակ։ Արտաքին զննությամբ նստարանի և փոխանցման տուփի արանքում պարեկները նկատել են ատրճանակի նմանվող առարկա։ Վարորդը հայտնել է, որ այն ատրճանակ է։
Վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ
![]()